Հանրապետությունում գույքագրվել է մոտ հինգ տասնյակ պոչամբար, լքված հանքավայր, լցակույտ

Armenpress 17:58, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պոչամբարների խնդիրը շրջակա միջավայրի ազդեցության տեսանկյունից բավական խորքային է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ հանրապետությունում գույքագրվել է մոտ հինգ տասնյակ պոչամբար, լքված հանքավայր, լցակույտ:

«Եթե չհաշվենք օրենսդրական բացերը, ապա գործող օրենսդրությամբ պոչամբարների զգալի մասն առնվազն պետք է չլինեին այդ վիճակում: Գործող օրենսդրությունն ինքնին պարտավորեցնում է հանքարդյունաբերողներին ռեկուլտիվացնել պոչամբարները լցակույտերը, որոնք գերշահույթ ստանալուց հետո թողնում են համայնքներին»,-ասաց նախարարը:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով, այդ շրջանակներն ունեցել են որոշակի հովանավորչական կապեր, արտոնյալ դիրք, արդյունքում ունենք պոչամբարների հետ կապված այդ ծանր պատկերը: Նրա խոսքով, Հայաստանը չի կարող ունենալ այդ ահռելի ֆինանսական միջոցները, որոնք ուղղվեն մասնավոր տնտեսվարման արդյունքում իրականացված աղետալի հետևանքների վերացմանը: Թեպետ, նախարարը վստահեցնում է, որ նոր օրենսդրական նախաձեռնություններով նախատեսում են կիրառել վերահսկողական ավելի լայն գործիքակազմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am