«Կապանը 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք». քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

Armenpress 17:52, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Նախարարի տեղակալը շնորհավորել է համայնքի ներկայացուցիչներին՝ Կապանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ չնայած համավարակի և պատերազմի հարուցած բարդություններին՝ նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի՝ ի դեմս Կապան խոշորացված համայնքի, համատեղ ուժերով երիտասարդական կյանքն այս տարի առանձնակի կաշխուժանա Կապան քաղաքում և հարակից բնակավայրերում: Նախարարի տեղակալը շեշտադրել է տարվա ընթացքում երիտասարդական մայրաքաղաքում հնարավորինս շատ պետական ու միջազգային տարաբնույթ երիտասարդական միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտությունը և նախարարության պատրաստակամությունն արտահայտել այդ ծրագրերը Կապան քաղաք և Սյունիքի մարզ ուղղորդելու առումով:

Կողմերն արձանագրել են այն փաստը, որ ԱՊՀ  Երիտասարդության խորհրդի նիստում հաստատվել է ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի միջազգային փուլը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու մեր երկրի ստանձնած հանձնառությունը, որը ևս նախատեսվում է իրականացնել երիտասարդական մայրաքաղաքում:

Երիտասարդական մայրաքաղաքում ծրագրվող միջոցառումների շրջանակում քննարկվել է նաև Կապանում երիտասարդական համաժողովի անցկացման հնարավորությունը, որին կարող է մասնակցել նաև սփյուռքահայությունը՝ հեռավար ձևաչափով:

Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտներում երիտասարդական մայրաքաղաքում իրականացվելիք միջոցառումներին, որոնք նախարարությունը պատրաստվում է կյանքի կոչել իր և գործընկեր կառույցների միջոցներով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am