Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին

Armenpress 17:39, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի խնդրի վերաբերյալ ձեռնպահ է մնում որևէ դիտարկումից, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Վերջերս իմ նախաձեռնությամբ ընդլայնված հանդիպում տեղի ունեցավ բնապահպանական լայն շրջանակները ներկայացնող անձանց հետ: Այն խնդիրները, որոնք բարձրաձայնվել են բնապահպանական շրջանակների կողմից, մանրամասն ուսումնասիրվել են, նախարարության մասնագետների հետ քննարկվել են: Այս պահին կարող եմ ասել այն, որ քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, այդ մասով մենք չենք կարող որևէ դիտարկում անել: Այս շրջանում  Շրջակա միջավայրի նախարարությունը գործընթացների վրա ազդելու որևէ մանդատ չունեմ: Բացառությամբ այն դեպքի, եթե, օրինակ, քրեական գործի շրջանակներով կարող են ի հայտ գալ այնպիսի օբյեկտիվ փաստեր, երբ կասկածի տակ կառնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման արդյունքները: Տեսեք, շրջակա միջավայրի կառավարումը, զարգացումը մեր նախարարության իրավասության մեջ է, սակայն շրջակա միջավայրի ազդեցության, շրջակա միջավայրի վրա վնասի փոխհատուցման, դրա վերահսկողության գործիքակազմը գտնվում է համապատասխան տեսչական մարմնի լիազոր դաշտում»,-ասաց նախարարը:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ին տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am