Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի գործընկերոջը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Armenpress 17:37, 26 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և շեշտել, որ Արդարադատության նախարարությունը ԵԽ երևանյան գրասենյակի բարեփոխումների ծրագրերի հիմնական գործընկերն է։

Եվրոպացի գործընկերոջ հետ զրույցում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերջին զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն դատարանների, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, քրեական արդարադատության ոլորտում ընթացող միջոցառումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման ծրագրերին և այլն։  

Արդարադատության փոխնախարարը վերահաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունները ու նշել, որ, չնայած դժվար ժամանակներին, ՀՀ կառավարությունը շարունակում է առաջ շարժվել և իրականացնել բոլոր ոլորտային ռազմավարություններով նախատեսված միջոցառումները։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող ղեկավար հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերը և համագործակցության հեռանկարները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am