ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 50 հազար 658 մարդ

Armenpress 12:21, 24 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման այն ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, Երևանից Ստեփանակերտ Է ժամանել 137 փախստական: Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանյոթ դիտակետերում:

Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020թ. նոյեմբերի 10-ի Երեւանի ժամանակով ժամը 1-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am