«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը

Armenpress 13:18, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցով քննարկմանը, չի մասնակցելու նաև քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ արտահերթ նիստի սկզբում ինքը ցանկացել է վարման կարգով հայտարարություն անել, սակայն կամ ընթացակարգը թույլ չի տվել, կամ նիստը նախագահողը չի նկատել, և իրենք խմբակցությունով դուրս են եկել նիստերի դահլիճից:

Ըստ ԼՀԿ-ի՝ դատաիրավական բարեփոխումներում ընդդիմության դերն անտեսվել է: «Անգամ ԲԴԽ-ում ընդդիմության կողմից թեկնածուների առաջադրման մի քանի փորձեր են ձախողել իշխանությունները: Եվ, փաստորեն, սրանով ընդդիմությանը դուրս դրեցին դատաիրական բարեփոխումներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հնարավորությունից: Եվ այսօր էլ կրկին առանց ընդդիմության հետ քննարկումների, թեկնածուներ են առաջադրել, և, բնականաբար, մենք չենք կարող հանդուրժել: Չնք մասնակցում այս ամբողջ գործընթացին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ քվեարկությանն էլ չեն մասնակցելու:

Սիմոնյանը հավելեց, որ մասնագիտական տեսանյունից թեկնածուների հետ որևէ խնդիր չունեն, կարծում են, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ թեկնածուներ են: Բայց խմբակցության որոշումը քաղաքական է:

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am