Փոխնախարարը հույս ունի, որ հնարավոր երկաթգծի շահագործմամբ գյուղմթերքն ավելի մրցունակ կդառնա արտահանվող շուկայում

Armenpress 09:35, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի կարծիքով՝ դեպի Ռուսաստան, Իրան հնարավոր երկաթուղային հաղորդակցության դեպքում Հայաստանից արտահանվող գյուղմթերքն ավելի մրցունակ գներով հասանելի կլինի արտահանվող շուկայում, թարմ գյուղմթերքն ավելի շուտ կհասնի արտահանվող շուկա: Խոջոյանը նման տեսակետ հայտնեց՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման դեպքում հնարավոր երկաթգծի շահագործումը ինչպե՞ս կանդրադառնա հատկապես գյուղմթերքի արտահանման վրա: 

«Արձանագրված ամենամեծ խնդիրներից մեկը հենց ճանապարհներն են, հասանելիությունն է: Եվ արտահանման համար շատ կարևոր է, որ քո ապրանքը ժամանակին և ցանկալի ժամկետում հասնի թիրախավորված շուկա»,-ասաց փոխնախարարաը:

Խոջոյանը շեշտեց, որ թարմ գյուղմթերքի արտահանման դեպքում կարևոր է արագությունը, թարմությունը: Բացի այդ, նա նշեց, որ գյուղմթերքի գինը շատ արագ է փոխվում, սեզոնի սկզբին, երբ դեռ քիչ է քանակը, գյուղմթերքի գինը շատ բարձր է, և արտադրողների նպատակն է հենց այդ ժամանակ մուտք գործել այդ շուկաներ: «Եվ մի փոքր ուշացումը, Լարսի անցակետում անհասկանալի խնդիրները մեծ տնտեսական կորուստների են բերում տնտեսավարողների համար: Նաև նոր բեռներ չեն ընկնում ճանապարհ՝ դեպի այլ շուկաներ, որովհետև մտածում են, որ անցակետում խնդիր կա, և բերքահավաքը սկսում է դանդաղել»,-ասաց Խոջոյանը: 

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր երկաթգծի շահագործումը ինչքանո՞վ կօգնի այս հարցին՝ նա ասաց, որ երկաթգիծն այն տրանսպորտային միջոցներից է, որի դեպքում կարելի է նմանատիպ խնդիրները թողնել անցյալում: «Այն ճանապարհածախսի կրճատման առումով հնարավորություն կտա ավելի մրցունակ գներով հասանելի լինել արտահանվող շուկաներում»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ իր գործընկերները ներկայում զբաղվում են տնտեսական գնահատականների, վերլուծությունների հարցով, ամբողջական գնահատականը, պատկերը պարզ կլինի աշխատանքների ավարտին:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետով նշվում էէ որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են

2021-ի հունվարի 11-ին եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությամբ էլ նշվում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության  9-րդ կետի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվում, որն իր առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը: Դրա արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնեցված այլ ուղղություններ:

 «Կոմերսանտ» պարբերականը հրապարակել էր Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ: Ըստ այդ քարտեզի՝ երկաթգծերից մեկը սկիզբ կառնի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով կշարունակվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս երկաթգիծը կսկսվի Թուրքիայի Իգդիր քաղաքից և կձգվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան երթուղիով, իսկ երրորդը կմիավորի Երևանը, Նախիջևանը, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Սակայն ՀՀ փոխվարչապետ, նշյալ աշխատանքային խմբի հայկական կողմի համակարգող  Մհեր Գրիգորյանը հունվարի 20-ին, լրատվամիջոցի հրապարակած քարտեզի առնչությամբ, հայտնել էր, որ նման քննարկում չի եղել, սակայն ռուսական կողմի հետ մտքեր փոխանակվել են: Այս պահին որևէ ելակետային օրակարգ գոյություն չունի, քննարկումները նոր սկսելու են՝ այդ թվում թե ուղիների, թե ենթակառուցվածքների մասով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am