1000х90.jpg (78 KB)

ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կբարձրացնի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու հայ գերիների հարցերը

Armenpress 09:15, 22 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կբարձրաձայնի Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների և այդ երկրում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը: 

«Առաջնահերթությունը, բնականաբար, Արցախյան վերջին պատերազմն է և դրա հետևանքների խնդիրներն են, որ պետք է այնտեղ բարձրաձայնել, կարողանալ կոնսոլիդացնել բոլոր մեր միջազգային գործընկերներին, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծանա և ռազմագերիների, այնտեղ պահվող քաղաքացիական անձանց խնդիրը լուծվի: Բարձրաձայնելու ենք նաև Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին և այն ամենի, ինչ մինչև օրս տեղի է ունեցել»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ պատերազմի թեմայի շուրջ քննարկում է նախատեսված ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում, բայց ոչ լիագումար նիստում:

«Լիագումար նիստում բնականաբար մեր ելույթներով կմիջամտենք: Հույս ունեմ, որ կկարողանանք այնտեղ լավ աշխատանք տանել, չնայած նրան, որ Ֆրանսիայում պարետային ժամ է, և կորոնավիրուսի սահմանափակումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ԵԽԽՎ նիստն այս անգամ հիբրիդային է, սակայն ՀՀ պատվիրակությունն, այնուամենայնիվ, որոշել է ֆիզիկապես ներկա գտնվել դրան:

«Նիստը հիբրիդ է, դա նշանակում է, որ պատվիրակները կարող են կամ ֆիզիկապես մասնակցել կամ օնլայն: Մեր պարագայում որոշում ենք կայացրել մասնակցել, որովհետև շատ կարևոր հարցեր ունենք բարձրաձայնելու և այդ ուղղությամբ աշխատանք տանելու: Հետևաբար, ամեն ինչ անելու ենք, որ գնանք և մասնակցենք»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 25-28-ը, Ստրասբուրգ քաղաքում: 

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am