Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար

Armenpress 16:52, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը:

Ռազմամարզական խաղերն անցկացվելու են 4 փուլով.

1-ին փուլ` ներդպրոցական զանգվածային մրցումներ (մինչև սեպտեմբերի 25-ը), 2-րդ փուլ` տարածաշրջանային և Երևանի վարչական շրջանների մրցումներ (սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը), 3-րդ փուլ` ՀՀ մարզերի և Երևանի առաջնություններ (հոկտեմբերի 10-20-ը), 4-րդ փուլ` եզրափակիչ հանրապետական մրցումներ (հոկտեմբերի 26-29-ը, ՀՀ պաշտպանության նախարարության որևէ զորամասում):

Ռազմամարզական խաղերին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ  դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ‑ներկայացուցիչ): Ըստ փուլերի՝ մրցույթին մասնակցելու են՝

ներդպրոցական փուլ՝ բարձր դասարանների աշակերտներ, տարածաշրջանային  փուլ՝ դպրոցների հավաքական թիմեր, մարզային փուլ՝ 2-րդ փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցների հավաքական թիմեր, եզրափակիչ փուլ՝ 3-րդ փուլում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմեր:

 

Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

նռնակի նետում (Ô-1 ուսումնական), 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4x50 մ), ձգումներ պտտաձողից,               կրոսավազք (1000 մ), հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում։

              Ռազմամարզական խաղերի առանձին մրցաձևում հաղթող է ճանաչվելու առավել բարձր արդյունք գրանցած մարզիկը, իսկ առաջնության ընդհանուր թիմային հաշվարկը բոլոր փուլերում որոշվելու է առանձին մրցաձևում թիմի 9 անդամների գրանցած միավորների գումարով: Մեկից ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում առավելությունը կտրվի առանձին մրցաձևերում առավել շատ 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր գրաված մարզիկ ունեցող թիմին: Նշենք նաև, որ եզրափակիչ փուլի ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ:

Ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր, հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցները՝ հավաստագրեր, շնորհակալագրեր, գավաթներ, իսկ մարզիկները` մրցանակներ և համապատասխան կարգի հավաստագրեր: Բացի դրանից՝ կպարգևատրվեն առանձին մրցաձևերում հաղթող ճանաչված դպրոցականները:

Հավելենք, որ հանրակրթական դպրոցները ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի մասնակցության հայտերը մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան պետք է ներկայացնեն համապատասխանաբար մինչև սեպտեմբերի  20‑ը և հոկտեմբերի 9-ը, իսկ 4-րդ՝ հանրապետական փուլի մասնակցության նախնական հայտերը պետք է ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվեն  մինչև հոկտեմբերի 22-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am