«Ուրարտու»-«Փյունիկ» ընկերական հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 16:12, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին խաղում «Ուրարտուն» գոլառատ ոչ-ոքի գրանցեց։ «Փյունիկի» հետ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը: Ջոնել Դեսիրեն ու Էդգար Գրիգորյանն աչքի ընկան «Ուրարտուից», իսկ Լևոն Վարդանյանն ու Արտյոմ Ավանեսյանը՝ «Փյունիկից»:

Հունվարի 6-ից սկսելով նախապատրաստությունը՝ «Ուրարտուն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ սեփական հարկի տակ ուժերը չափելով «Փյունիկի» հետ։ Առաջին խաղակեսն անցավ «Ուրարտուի» առավելությամբ։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կարողացան 2 գոլ խփել․ նախ՝ անհատական անցումից հետո աչքի ընկավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածի լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, իսկ 11 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը կրկնապատկեց Էդգար Գրիգորյանը։ Մինչև ընդմիջում «Փյունիկի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Լևոն Վարդանյանը։

Երկրորդ կեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխեց թիմի կազմը՝ խաղաժամանակ տալով իր տրամադրության տակ գտնվող մյուս ֆուտբոլիստներին։ Երկրորդ կեսի 53-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ Արտյոմ Ավանեսյանը։ Խաղի վերջնամասն էլ անցավ դիտարժան պայքարում։ Խաղադաշտ դուրս եկան նաև «Ուրարտու-2»-ից գլխավոր թիմը համալրած ֆուտբոլիստները, սակայն նոր գոլեր այդպես էլ չգրանցվեցին։ «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2-2։

Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի հունվարի 23-ին՝ սեփական մարզաբազայում ընդունելով Երևանի «Արարատին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am