Ազգային գիտական լաբորատորիան հինգ ամսից կունենա նոր կրիոգեն կայան

Armenpress 14:53, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան կունենա նոր կրիոգեն կայան, արդիականացման գործընթացն սկսված է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գիտական քարտուղար Արփինե Փիլոյանը նշեց, որ պայմանագիրն արդեն կնքված է:

«Ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանի, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի, ամերիկահայ բժշկական համայնքի ջանքերով հնարավոր է եղել արդիականացման համար գումար գտնել: Պայմանագիրը կնքված է, նոր կայանը սկսել են պատրաստել, հինգ ամսից կունենանք նոր արդիականացված կայան, որը գրեթե չի զիջում նախորդին: Կրիոգեն կայանն ավելի մեծ թափով կօգնի բարձր որակի թթվածնի արտադրման գործում և ոչ միայն, նախատեսված է նաև ազոտի արտադրություն, որը օգտակար կլինի անվտանգության հարցերով և որոշ չափումների համար»,-ասաց Արփինե Փիլոյանը:

Գործող կայանը հիմնադրվել է 1978 թվականին: Ստեղծվել էր մի իրավիճակ, ըստ որի, կայանի աշխատանքը վտանգված էր, կարող էր անդառնալի հետևանքներով զարգացում լինել: Ամեն վայրկյան կարող էին սարքավորումները պարզապես չդիմանալ: Հետևաբար, կայանի արդիականացումը խիստ անհրաժեշտություն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am