Իրանը չի բացառել լրացուցիչ պատժամիջոցներն ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ

Armenpress 13:42, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պլանավորում Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհսեն Բահարվանդը: Իրանը հունվարի 19-ին Դոնալդ Թրամփին ներառել Է «սեւ ցուցակի» մեջ, այսինքն՝ նախագահի պաշտոնը թողնելուց մեկ օր առաջ:

Պատժամիջոցները սահմանվել Էին նրա վարչակազմի պաշտոնյաների՝ պետքարտուղար Մայք Փոմպեոյի, Պենտագոնի ղեկավարներ Մարկ Էսփերի եւ Քրիսիոֆեր Միլլերի, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հասփերի եւ այլոց նկատմամբ: «Այդ ցուցակը, իսկ, հնարավոր Է, կլինեն նաեւ ուրիշները, պատրաստվել Է այն անձանց նկատմամբ օրենքին համապատասխան, որոնք թշնամական գործողություններ են իրականացնում Իրանի դեմ»,-ասել Է դիվանագետը:

Բահարվանդի խոսքով՝ Իրանի քաղաքացիներից եւ դիվանագետներից ոչ ոք իրավունք չունի շփվել Թրամփի վարչակազմի անդամների հետ, նաեւ հակառակը, դա վերաբերում Է նաեւ տնտեսական կապերին: Նա նաեւ հավելել Է, որ ոմանք ներառվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության պատճառով: Թեհրանը ձգտելու Է հասնել Ինտերպոլից նրանց ձերբակալմանը եւ Իրանին հանձնելուն, եթե նրանք փաստաբաններ չվարձեն իրենց պաշտպանության համար: Թրամփի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց նկատմամբ Իրանի պատժամիջոցները սահմանվել են «մարդու իրավունքների խախտումներին, տարածաշրջանում ԱՄՆ-ի ավանտյուրիստական եւ ահաբեկչական գործողություններին հակազդելու» օրենքի շրջանակներում: Իրանի ԱԳ նախարարությունը նրանց մեղադրել Է մարդու իրավունքների խախտումների, ահաբեկչությանն աջակցելու, ինչպես նաեւ Իրանի ու Իրանի քաղաքացիների նկատմամբ հակամարդասիրական եւ ահաբեկչական գործողությունների մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am