ԲՀԿ-ն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Armenpress 11:42, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ, երբ, եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Պետք է հստակ փոփոխություն լինի՝ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն ինքնալուծարվում է, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու, եթե այդ վստահությունը չունես, դա այլ խնդիր է»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրելու հնարավորություն ունենա, որը որոշ ժամանակ կկարգավորի երկրում իրավիճակը, և դրանից հետո արդեն կկազմակերպվեն արտահերթ ընտրություններ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am