Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

Armenpress 19:45, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագրերը:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am