1000х90.jpg (78 KB)

Փաշինյանը դրական է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը

Armenpress 19:31, 20 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ դրական է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետության անվտանգային հարաբերություններում ոչինչի չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն, որը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում: Արդյոք դրական է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, թե՞ բացասական: Միանշանակ դրական է: Այդ ներկայությունը կոնկրետ անվտանգային խնդիրներ լուծելու համար է»,- ասաց Փաշինյանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am