1000х90.jpg (78 KB)

Փիլիսոփա արտիստը. մշակույթի գործիչները՝ Վիգեն Ստեփանյանի մասին

Armenpress 17:31, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի անժամանակ մահը սգում են և՛ արվեստասերները, և՛ գործընկերները՝ նշելով, որ Ստեփանյանը վառ գույն էր  հայկական կինոարվեստում և թատրոնում:

Գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, որը Վիգեն Ստեփանյանի հետ համագործակցել է, ճամփորդել, «Արմենպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփանյանը մեզ շատ էր պետք և՛ մարդկային ներկայությամբ, և՛ դերասանական, ռեժիսորական տաղանդով: «Դերասան բառը հավանաբար քիչ է, երբ խոսում ենք Վիգեն Ստեփանյանի մասին: Նա արտիստ էր: Արտիստի ամբողջության մեջ նրա և՛ բեմական գոյությունն էր, և՛ սովորական՝ առօրեական գոյությունը: Շատ սիրված էր մեր մշակութային միջավայրում և դրանից դուրս: Նա 80-ականներին ասպարեզ եկավ և փայլեց մի քանի հեռուստատեսային ներկայացումներում, հետո Մայր թատրոնում էր խաղում: Կինոն միանգամից նկատեց Վիգենին: Ստեփանյանը մի շարք ֆիլմերում նկարահանվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում»,-ասաց Մուրադյանը:

Նա ընդգծեց, որ իրեն շատ է տպավորել Ստեփանյանի՝ Լիր արքայի դերակատարումը:  «Վիգենն այդ ժամանակ արդեն սպիտակամորուս էր. անսպասելի Լիր էր: Հասկացա, որ փիլիսոփա դերասան է: Նա պահպանում էր իր պլաստիկան, հատուկ արտահայտչականությունը, ձայնը, որը չէիր մոռանում: Ես բախտ եմ ունեցել Վիգենի հետ աշխատելու, ճանապարհ եմ գնացել նրա հետ ու պետք է  փաստեմ, որ Վիգենը միջավայրում միշտ ուշադրության կենտրոնում էր, ոչ որովհետև իրեն առաջ էր գցում. նա շատ ինտելիգենտ էր, կիրթ էր դա անելու համար, բայց գրավում էր բոլորին, քանի որ մագնիսական անձնավորություն էր՝ հումորով, բարությամբ լի»,-շեշտեց կինոգետը:

Մուրադյանի հավաստիացմամբ՝ Վիգեն Ստեփանյանը դեռ կարող էր ստեղծագործել: «Նա լուսավոր ներկայություն էր ու կհեռանա իրականությունից, բայց ոչ մեր ներաշխարհից, նա իր ամբողջ էությամբ լավատես էր, կյանք սիրող էր ու մեզ կասեր, որ լավատես լինենք»,-եզրափակեց Դավիթ Մուրադյանը:

Բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, որը նաև վերոնշյալ «Լիր արքա» բեմադրության հեղինակն է, խոստովանեց, որ Վիգեն Ստեփանյանի մահը մեծ կորուստ է բոլորի համար: «Թատերական գործչի նման տեսակը մենք չունենք: Նա և՛ դերասան էր, և՛ բեմադրիչ, և՛ դրամատուրգ, նաև կոմպոզիտոր: Ստեփանյանն իր ներկայացումներից մի քանիսի  երաժշտության հեղինակն էր, բազմակողմանի օժտված էր, տաղանդավոր: Ցավում եմ, որ ժամանակակից հայ թատրոնը նման տեսակ, նման գույն կորցրեց»,-նշեց Ղազանչյանը:

Վիգեն Ստեփանյանը կյանքից հեռացել է հունվարի 19-ին 68 տարեկանում: Դերասանը մի քանի օր է՝ հիվանդանոցում էր, որտեղ տեղափոխել էր ուղեղի կաթվածի պատճառով: 

Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։ 

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am