Արցախցի դիմորդները բուհական ընդունելության համար կհանձնեն մեկից ավելի միասնական քննություն

Armenpress 16:55, 19 Հունվար, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և ՀՀ բուհեր ընդունվելու համար՝ 2021-2022 ուսումնական տարում արցախցի դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի կրթության,գիտության և մշակույթի նախարարությունից` հավելելով, որ այս հանգամանքը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության նույն կրթական դաշտում գտնվելու հանգամանքով:  

«Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար սահմանվել էր մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը:

Մեր նախնական պայմանավորվածության համաձայն այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես պետք է սահմանվեր մրցութային մեկ քննություն, սակայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի է մրցույթին մասնակցել երկու առարկայի գումարային գնահատականով:

ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի»,- տեղեկացնում են Արցախի ԿԳՄ նախարարությունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am