Քոչարյանի գործով դատական նիստում քննվում է Գլխավոր դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը

Armenpress 16:02, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր) քննվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ միջնորդություն ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2020 թվականի նոյեմբերի 30-ին վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հնչած մտքերը:  Ալումյանի պնդմամբ`  ՀՀ վարչապետի և գլխավոր դատախազի միջև փոխհարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է Արթուր Դավթյանին հրավիրել իր մոտ և քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի ընթացքը: 

Հաշվի առնելով, որ միջնորդությունը վերաբերվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկին, դատավորը հիշեցրել է միջնորդությունը հրապարակելիս եւ քննարկելիս  Դավթյանի ներկա լինելու իրավունքի մասին: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ մասնակցող դատախազները կարող են հրապարակել մեղադրանքի դիրքորոշումը, եւ հրաժարվել է Դավթյանի ներկայությունն ապահովելու համար առաջարկված ընդմիջումից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am