Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Armenpress 09:34, 19 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց), Կոտայքի մարզում (բացի Եղվարդ քաղաքից), Արարատի մարզի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am