Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվել է չորս տարով

Armenpress 14:21, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱն, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՃԿՊԱ-ն 2017-ին արդեն ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի նիստում քննարկվել է հիմնադրամի փորձագետների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցը, որտեղ ներկայացվել է նախորդ հավատարմագրումից հետո ՃԿՊԱ-ում գրանցված զարգացումները՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել փորձագիտական խմբի նախորդ զեկույցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Ըստ այդմ, որոշվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային չորս տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում տալ:

Ի դեպ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին հավատարմագրման ժամկետի ավարտին՝ 2019 թվականին դիմել էր վերահավատարմագրվելու համար: Բուհի բարելավման պլանով նախատեսված են այնպիսի ծրագրեր (միջազգային կապերի ընդլայնում, դասախոսների և ուսանողների փոխանակումներ, գիտահետազոտական աշխատանքներ, լաբորատորիաների ստեղծում և այլն), որոնք թույլ կտան հավատարմագրվել վեց տարով: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am