Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտում

Armenpress 12:18, 5 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծման ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են «Уран-6 ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքի իրականացնելու ընթացքում, ինչպես նաև ապահովում են տեղանքի մաքրման աշխատանքի բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում։

2020 թվականի նոյեմբերի 23-ից սկսած ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 414 հա տարածք, ավելի քան 160 կիլոմետր ճանապարհ, 617 շինություն, այդ թվում՝ ավելի քան 20 հատուկ նշանակության օբյեկտ, վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա։

Հայտնաբերված պայթյունավտանգ և չաշխատած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում է հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարանում։ Զինամթերքը, որի տեղափոխումը հնարավոր չէ, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության անհրաժեշտ միջոցառումների ապահովմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am