«Վրաստան» թերթը՝ 100 տարեկան

Armenpress 16:01, 26 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում լույս տեսնող հայկական «Վրաստան» թերթի մեկդարյա հոբելյանը լրացավ դեկտեմբերի 20-ին: Պարբերականի աշխատակիցներին, ընթերցողներին հոբելյանի առթիվ իրենց շնորհավորանքները հղեցին Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Արմեն Սարգսյանը, երկու երկրների վարչապետներ Գիորգի Գախարիան ու Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական այլ անձինք, Վրաստանի եւ Հայաստանի ժուռնալիստների միությունները, «Հայաստանի Հանրապետություն» թերթը, լրատվական գործակալությունները։ Թերթի աշխատակիցները հոբելյանի առթիվ շնորհավորանքներ ստացան նաեւ Վրաստանի գրեթե բոլոր հայաբնակ տարածաշրջանների՝ Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի, Բաթումիի, Կախեթի… եւ, իհարկե, Թբիլիսիի իրենց ընթերցողներից։

Շնորհավորական ուղերձներում առանձնակի ընդգծվում է մեկդարյա քաղաքական ելեւեջներ անցած «Վրաստան» թերթի հավատարմությունը իր ընթերցողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման, համամարդկային եւ ավանդական արժեքներ ժողովրդականացման, հանդուրժողականության, մարդասիրության սկզբունքների արմատավորման, հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների խորացման առաքելությանը:

Մասնավորապես, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր շնորհավորական ուղերձում նշում է. «Վրաստան» թերթը միշտ նշանակալից դեր է կատարել մեր հայալեզու քաղաքացիների համար նշանակալից պետական տեղեկատվությամբ ապահովման գործում եւ այսօր էլ նպաստում է նրանց ինտեգրմանը Վրաստանի միասնական հասարակությունում»։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձում գրում է. Ցանկանում եմ այս հոբելյանական տարեթվի կապակցությամբ շնորհավորել թերթի հրատարակիչներին, նրա ընթերցողներին եւ մեր հասարակայնությանը։ Առանձնակի շնորհավորում եմ թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի բազմազգ շահերի հավգատարիմ պաշտպան Վանն Բայբուրթին։ Այս հարյուր տարիների ընթացքում թերթը դարձել է վստահության, հանդուրժողականության, լավագույն ավանդույթների ու հավատարմության խորհրդանիշ, որին զգուշությամբ  պիտի  վերաբերվել, որպեսզի  եւս բազմաթիվ սերունդների  փոխանցվեն  այս  ընդհանուր արժեքները»:

Իր շնորհավորական ուղերձում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ընդգծելով պարբարականի դերը, գրում է. «Լինելով ցայսօր լույս տեսնող հայատառ ամենահին պարբերականներից մեկը, «Վրաստանը» արդեն մեկ դար վիրահայության առօրյայի հավատարիմ ու անբաժան ուղեկիցն է, բարեկամ Վրաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի մշտարթուն տարեգիրը։ Եվ դրանում մեծ են նաեւ թերթի երկարամյա խմբագիր Վան Բայբուրթի դերն ու ներդրումը»։

Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ թերթի առաջիկայում էլ կշարունակի էր շնորհակալ գործունեությունը. «Այսօր էլ «Վրաստանը» շարունակում է եւ, վստահ եմ, շարունակելու է կատարել իր նվիրական առաքելությունը՝ գործունեության առանցքում պահելով հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության տեսլականը եւ իր ավանդը ներդնելով երկու ժողովուրդների հետագա մերձեցման, չխամրող ավանդույթների պահպանման եւ մշակութային կապերի զարգացման գործում»,-գրում է Հայաստանի վարչապետը իր շնորհավորական ուղերձում։

«Վրաստանը» յուրովի հանդիսանում է վիրահայ համայնքի պատմության մատենագիրը, իր էջերում ներկայացնելով համայնքի ոչ միայն ներկան, այլեւ Վրաստան պետության շինարարության, պաշտպանության, բարգավաճման գործում վիրահայերի ներդրած պատմական ավանդը: Այն նշանակալի դեր է կատարում Վրաստանի հայազգի քաղաքացիների վրաց հասարակայնության սոցիալական եւ քաղաքական կյանքում ինտեգրման գործում։

Այսօր, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այդ բարդ պայմաններում էլ թերթը շարունակում է անխափան աշխատանքը, մատչելի լեզվով ընթերցողներին հասցնելով բոլոր այն անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչը դյուրացնում է այս բարդ իրավիճակում նրանց կյանքը։

Շնորհավոր 100-ամյա հոբելյանդ՝ «Վրաստան», հարատեւություն եւ բարգավաճում քեզ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am