Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել

Armenpress 19:46, 25 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Ժամը 19:30-ի դրությամբ՝ ոստիկանություն է բերվել 15 անձ»,- նշեցին վարչությունից:

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի, Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը, Ամիրյան փողոցը:

Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am