1000х90.jpg (78 KB)

Եթե այդ սահմանն այսօր ճանաչելը դավաճանություն է, ապա 2010-ին՝ առավել ևս դավաճանություն էր. Փաշինյանը հիշեցրեց 2010-ին ընդունված օրենքը

Armenpress 13:46, 21 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբ Հայաստանի սահմանապահ զորքերը կանգնում են ՀՀ-ի սահմանին, դրանով անվտանգության աստիճանն ուժեղանում է, սահմանազատումն իրականացվում է 2010-ին Հայաստանում ընդունված օրենքին համապատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպմանը՝ պարզաբանելով, թե ինչ է տեղի ունենում Սյունիքի սահմանների երկայնքով:

«Այսօր շատ է խոսվում այն մասին, որ այն, ինչ, որ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է: Իրականում լրիվ հակառակն է: Խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև ՀՀ-ի սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ հարցնում են՝ ինչո՞ւ են այդ սահմանին կանգնեցնում զորքերը, ո՞վ է որոշել այդ սահմանը, ի՞նչ իրավական հիմքով է որոշվել: Վարչապետը նշեց, որ այդպիսի հարց տալիս են նաև օրինակ 2010-ին ԱԺ պատգամավոր, նախարար եղած, ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք: «Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները, մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ-ի վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Այդ օրենքն ընդունվել է 2010-ին: Այդ օրենքում, օրինակ, Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաև Ադրբեջանի հետ սահմանը: Դա եղել է 2010-ին, այդ ժամանակ ինչո՞ւ է օրենքի մեջ գրվել, և այդ ժամանակվա կառավարությունը ներկայացրել է օրենքը: Կառավարությունը ընդունել է այդ օրենքը, որով նկարագրված են սահմանները, որտեղ այսօր խնդիր է առաջանում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ հիմա այդ տարիներին կառավարության անդամ, ԱԺ պատգամավոր եղած անձինք իշխանությանն ասում են՝ ինչո՞ւ են այդ կետերով կանգնում, այդ սահմանը ճանաչո՞ւմ են: «Բայց չէ որ ձեր ընդունած օրենքով դա օրենքի ուժ է ստացել: Այդ ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ դա Արցախի Հանրապետության տարածքն է»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ ուզում է, որ բոլոր սյունեցիները հստակ պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենում, դա արվում է Սյունիքի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Անդրադառնալով անվտանգության երաշխիքներին՝ նա ասաց՝ երաշխավորված է այնքանով, ինչքանով մեր անվտանգային համակարգն արդյունավետ է:

Նա նկատեց՝ շատ են հարցնում, թե Արցախի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չի միջամտել: «Էլի նույն պատճառով, որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանն այս է: Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ օրենքն ընդունվել է 2010-ին: ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ սա է ձեր սահմանը, և դուք եք նկարագրել ձեր սահմանը, մենք ձեր սահմանից դուրս ո՞նց կարող ենք միջամտություն անել»,-ասաց Փաշինյանը:

Նրա վստահեցմամբ՝ ինքը ստացել է բազմաթիվ հավաստիացումներ, կան նաև պայմանագրեր, որ եթե ռազմական գործողություններ սկսեն ՀՀ սահմանից ներս, այդ ժամանակ բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու: Արցախի հարցը բոլորովին ուրիշ հարց է: Արցախի կոնֆլիկտը միջազգայնորեն ճանաչված հարց է:

Փաշինյանը նկատեց՝ քննադատում են, ասում՝ եթե մեր զորքերը հիմա այդ սահմանով են կանգնում, ապա գործող իշխանությունն Արցախի հարցը փակում է: «Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010-ին ընդունած օրենքով Արցախի հարցը փակել եք: Եթե այդ սահմանն այսօր ճանաչելը դավաճանություն է, ապա 2010-ին՝ առավել ևս դավաճանություն էր»,-նշեց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am