Մարմնամարզիկները 7 մեդալ են նվաճել Վորոնինի գավաթի խաղարկությունում

Armenpress 22:32, 20 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երկու մարմնամարզիկները 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Վորոնինի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Հայաստանի հավաքականի անդամ Արմեն Պետրոսյանը։

Արթուր Դավթյանը հիանալի է հանդես եկել թե՛ բազմամարտում, թե՛ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ Արմեն Պետրոսյանը, որը բանակից զորացրվելուց հետո առաջին միջազգային մրցաշարին էր մասնակցում, նվաճել է 1 բրոնզե մեդալ։

Արդեն առանձին գործիքների եզրափակիչներում Արթուր Դավթյանը ոսկե մեդալակիր է դարձել նժույգթափերում, հենացատկում և ազատ վարժությունում։ Հայաստանի բազմակի չեմպիոնը երկու բրոնզե մեդալ էլ նվաճել է օղակների և պտտաձողի եզրափակիչներում, իսկ Արմեն Պետրոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել զուգափայտեր վարժությունում։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am