Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը

Armenpress 15:34, 19 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղի կունենա նաև հիշատակի հերթ՝ դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, կմատուցվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների:

Ներկա է նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ սգի օր է:

Ավելի վաղ Երևանում Հանրապետության հրապարակից մեկնարկել էր Արցախի պատերազմի նահատակների հիշատակի սգո երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Երթի մասնակիցները շարժվել են Եռաբլուր: Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից հայտարարված է եռօրյա սուգ: 

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am