Պատմության հետագծով  

Armenpress 09:25, 21 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1955 թ. դեկտեմբերի 21-ին մահացել է Գարեգին Նժդեհը՝ հայ ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական եւ պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական զինված ուժերի դեմ տեղի ունեցած պատերազմների ակտիվ մասնակից։

-1851 թ. դեկտեմբերի 21-ին ծնվել է Արփիար Արփիարյանը՝ արեւմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ եւ խմբագիր։ Խմբագրել է «Արեւելք» եւ «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին։

-1913 թ. դեկտեմբերի 21-ին ամերիկյան «Ֆան» հանդեսում տպագրվեց առաջին խաչբառը:

-1937 թ. դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները» առաջին լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան:

-1964 թ. դեկտեմբերի 21-ին մահացել է Մովսես Արազին՝ հայ արձակագիր եւ թարգմանիչ։

-1912 թ. դեկտեմբերի 21-ին Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

-1917 թ. դեկտեմբերի 21-ին Էջմիածնում փակվեց Գեւորգյան ճեմարանը։

-1920 թ. դեկտեմբերի 21-ին ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերանում է «Ռուսական կայսրության հավաք օրինաց»-ը՝ այն փոփոխություններով, որ մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, անդրկովկասյան կոմիսարիատն ու սեյմը, Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

Մ. Ա.

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am