Աղավնոյում չեն բացառել, որ անվտանգության գործնական երաշխիքների դիմաց կհանձնեն զենքերը

Armenpress 16:38, 18 Դեկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաշաթաղի Աղավնո գյուղում ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել Քաշաթաղի շրջանի Աղավնոյում (Արիավան) ներկայում բնակվող ընտանիքների անվտանգությունը՝ միաժամանակ հորդորելով հանձնել զենքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքեի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

«Գյուղում ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունն առայժմ ապահովում են  տղամարդիկ՝ զենքը ձեռքին հերթապահելով շրջակայքում: Ռուս խաղաղապահների հրամանատարը, հղում անելով հրադադարի հայտարարությանը, հորդորեց հանձնել զենքը:  Որպես անվտանգության երաշխիք, մենք պահանջեցինք վերահսկողություն սահմանել այն հատվածներում,  որտեղ այժմ մենք ենք հերթապահում: Ռուս խաղաղապահների հրամանատարը տեսնելով, որ այնտեղ ադրբեջանական զինուժի մեծ կուտակում կա, ասաց, որ  լրացուցիչ ուժ պետք է բերվի: Այնուհետև վերադարձավ ու պահանջեց հանձնել զենքերը: Առայժմ բանակցում ենք: Երևի օրինական կարգով հանձնենք, եթե անվտանգության գործնական երաշխիքներ  ունենանք: Արիավանում այժմ ավելի քան 10 ընտանիք է ապրում: Բոլորս էլ որոշել ենք, որ ոչ մի պարագայում չենք հեռանալու: Ես անձամբ պատասխանատվություն ունեմ նրանց նկատմամբ»,-ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ հավելելով,որ գյուղում այժմ կանոնավոր գործում են էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու հեռախոսակապը:

Աղավնոյի համայնքապետը դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր,որ Բերձորի խաղաղապահների պատասխանատուն պահանջել է հանձնել զենքերը: Անդրանիկ Չավուշյանը խնդրել էր բոլոր լրատվականներին ներկայանալ Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: «Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»,-մասնավորապես նշել էր նա տեսաուղերձում: Համայնքի ղեկավարն ասում է՝ իրենք ուզում են անվտանգ ապրել, իրենց հողը մշակել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am