Ֆիզուլիում և Ջաբրայիլում շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը

Armenpress 13:49, 16 Դեկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտական գործողությունների վայրերում՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին հարազատներին ներգրավելու որոշումը նույնպես ուժի մեջ է»,-մանրամասնեց Թադևոսյանը: Դեկտեմբերի 11-ի դրությամբ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին:Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչև դեկտեմբերի 11-ը հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am