Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ. Մուրադով

Armenpress 10:11, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական օդանավով դեկտեմբերի 14-ին Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Էրեբունի» օդանավակայանում նշել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ մանրամասներ ներկայացնելով գերիների փոխանակման գործընթացից: 

«Ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն կատարվել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դրան նախորդել է մեծածավալ նախապատրաստական աշխատանք հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները: Արդյունքում իմ անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ։ Ռուս խաղաղապահներն առաջիկայում ևս նպաստելու են եռակողմ համաձայնագրի իրականացմանը»,-ասել է Մուրադովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am