«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» ցուցադրությանը ներկայացվել է հայ արվեստագետների 400 ինքնատիպ աշխատանք

Armenpress 15:42, 14 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում, որը բացվել է դեկտեմբերի 12-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում, ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը եզակի է, քանի որ արտահայտում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջև՝ ամբողջացնելով հայկական  գրաֆիկայի դպրոցը։

Այն համագործակցության հարթակ է ստեղծում հատկապես այն արվեստագետների համար, որոնք դեռևս կայացման փուլում են՝ հնարավորություն ընձեռելով նրանց մուտք գործել կերպարվեստի շուկա, զարգացնել և արդիականացնել  այն։

«Ցուցադրության առանցքում արվեստագետ-թանգարան, դասական-ժամանակակից արվեստ երկխոսությունն է։ Երկխոսության այս տեսակն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, չնայած որ բավականին արդիական է Եվրոպայում։ Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռևս անհասանելի է հայաստանցի  արվեստասեր հասարակության համար, և որը դեռևս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե՛ դասական և  թե՛ ժամանակակից»,-նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Հայաստանցի արվեստագետներից բացի ցուցադրությանը ներկայացված են նաև հայ արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։  Ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը և այլք։ Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը և այլն։

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այն կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 1-ը։ Արվեստասեր հասարակությունը ցուցադրությանը կարող է ծանոթանալ նաև առցանց՝ հետևելով  «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ֆեյսբուքյան էջին։ 

«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թվականի օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ, 300 հայկական դասական ու ժամանակակից արվեստագետների գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի  մոտ 350 կինոաֆիշներ: Հավաքածուն համալրվել է մոտ 2000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը  հետխորհրդային տարածքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am