Սյունիքի մարզպետը վստահեցնում է՝ վիճակը հանգիստ է. ադրբեջանցիները խրամատից խոսել են բարձրախոսով

Armenpress 11:02, 14 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ մարզի սահմաններում իրավիճակը նորմալ է, պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա է, հերքում է դեկտեմբերի 13-ին համացանցում տարածված տեղեկությունները, թե Ագարակ գյուղի ուղղությամբ և Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը հարձակման փորձ է արել:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ տեղեկություններին՝ մարզպետն ասաց. «Սխալ են ասում, նման բան չկա: Ամեն ինչ հանգիստ է: Մեր զորքերն իրենց տեղում են, կատարում են իրենց առաքելությունը: Սյունիքի մարզում պաշտպանությունը լրիվ իր տեղն է, նման խնդիրներ չկան»,-ասաց մարզպետը՝ հերքելով հարձակման փորձերի մասին տեղեկությունները:

Նրա խոսքով՝ մարզում բարոյահոգեբանական վիճակը ևս կայուն է, ամեն ինչ հանգիստ է: Մարզպետը հորդորեց տարատեսակ ինֆորմացիաներին ականջալուր չլինել:

Պողոսյանի խոսքով՝ հակառակորդը նախորդ օրը խրամատից բարձրախոսով մի երկու բառ է ասել:

«Դավիթ Բեկի ուղղությամբ ձախ թևում և Ներքին Խնձորեսկից դեպի աջ առաջնագծից հակառակորդը բարձրախոսով ասել է՝ հետ գնացեք ձեր վարչական տարածքները մինչև այսինչ ժամը: Սակայն չի նշանակում, թե մենք պետք է իրենց հրամանը կատարենք»,-ասաց մարզպետը:

Դեկտեմբերի 13-ից համացանցում տարածվել էին տեղեկություններ, թե ժամը 19:30-ի շրջանակներում Ադրբեջանը հարձակման է անցել Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ, ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am