1000х90.jpg (78 KB)

Մեզ համար պատերազմը չի ավարտվել.Բուժծառայության գնդապետը մանրամասնում է զինվորների բուժման գործընթացը

Armenpress 10:30, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բուժհաստատություններում պատերազմի հետևանքվով վիրավորված զինվորների բուժման գործընթացում դրական դինամիկա է նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանը նշեց, որ հանրապետության բուժհաստատությունները դեռ ծանրաբեռնված են, մանավանդ զինվորական հոսպիտալը, բայց, ընդհանուր առմամբ, դրական միտում է նկատվում: 

«Ապաքինումներ, դուրս գրումներ, մեծ մասը վերականգնողական փուլում է: Ունենք դեպքեր, երբ արդեն զինվորները վերադառնում են ծառայության: Ասեմ, որ դրանք եզակի դեպքեր չեն, աշխատանքները սովորական ընթացքով առաջ են գնում: Ովքեր առողջանում են, իսկ նրանք փոքր թիվ չեն, վերադառնում են ծառայության»,-ասաց Վահան Գևորգյանը: 

Զինվորական հոսպիտալը շարունակում է գերծանրաբեռնված աշխատել, որովհետև այստեղ բազմապրոֆիլ բուժում է իրականացվում, բոլոր զինծառայողները փորձաքննվում են հոսպիտալում: Իրենց հետագա վերականգնողական բուժման, ինչպես նաև ծառայության պիտանելիության խնդիրները վերջնական լուծվում են այդտեղ: Վահան Գևորգյանը վստահեցրեց՝ մասնագիտական խնդիր չունեն, ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, սարքավորումներով: Բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են զինվորների բուժումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

«Մեր զինվորները ոչ մի բանի կարիք չունեն, բոլոր կարիքները հոգում ենք: Բուժում, վերականգնում, հաշմանդամության կարգի տրամադրում, զինհաշմանդամների պրոթեզավորում և այլն, հնարավորինս արագ և օպտիմալ ձևով աշխատում ենք: Վստահեցնում եմ՝ մասնագիտական անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում»,-ասաց Վահան Գևորգյանը:

Պատերազմում անձնուրաց կռված մարտիկների կյանքը փրկելու, օր առաջ ոտքի կանգնեցնելու խնդիրը դրված է յուրաքանչյուր մասնագետի առջև: Բժիշկներն իրենց պարտականությունը պարզապես չեն կատարում, ապրում են յուրաքանչյուր զինվորի հետ, կիսում նրանց զգացողությունները թե ընդունելուց, թե ճանապարհելուց: Շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով աշխատանք է տարվում: Այդ ամենին անդրադառնալիս՝ Վահան Գևորգյանը նախընտրում է շատ չխոսել, ինչպես ինքն է ընդգծում՝ էմոցիաները շատ են: 

«Ինքներդ էլ գիտեք, որ մենք զինվորների հետ ապրում ենք, գերծանրաբեռնված աշխատում ենք, մեզ համար պատերազմը դեռ չի ավարտվել»,-հավելեց  բուժծառայության գնդապետը:

Վահան Գևորգյանն այս փուլում կարևորեց նաև հոգեբանների աշխատանքը: Առաջին իսկ օրվանից նրանք էլ իրենց բաժին «մարտն են» մղում՝ ամեն պահի վիրավոր զինվորի կողքին լինելով: Բուժծառայության գնդապետը նկատեց, որ մինչև հոգեբանների վերջնական եզրակացություն չի լինում, ոչ ոք դուրս չի գրվում: 

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով: 

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am