ԱԺ փոխնախագահի խոսքով՝  իշխանությունը պատրաստ է քննարկումների քաղաքական մյուս ուժերի հետ

Armenpress 15:26, 10 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գործող իշխանությունը պատրաստ է քննարկումների քաղաքական մյուս ուժերի հետ՝ պայմանով, որ հարկադրանքի և սպառնալիքի ներքո չի լինելու ոչ մի խոսակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Նա նախ հիշեցրեց, որ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցի, բաց տեքստով ասել է, որ պատրաստ են երկխոսությանը՝ պայմանով, որ հարկադրանքի և սպառնալիքի ներքո չի լինելու ոչ մի խոսակցություն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ առաջիկայում իշխանությունը կկազմակերպի քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական մյուս ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ճանապարհային քարտեզը որոշելու, թե ինչպես են առաջ շարժվում, օրինակ դեպի արտահերթ ընտրություններ՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Նման զարգացումը չեմ բացառում: Իշխանությունը պատրաստ է նման առաջարկ քննարկելու: Պնդում եմ, որ իշխանությունը պատրաստ է նման քննարկում սկսել՝ այն պայմաններով, ինչը, որ վարչապետը նշեց, որ ոչ մի կողմ մյուսին չի սպառնում»:

Սիմոնյանի կարծիքով՝ վարչապետի հայտարարությունը խոսում էր այն մասին, որ պատրաստ են քննարկումների:  Նա նաև շեշտեց, որ ըստ էության ՀՀ–ի ճակատագիրը չեն որոշելու անհատներ, այլ որոշելու է ՀՀ ժողովուրդը:

Արման Բաբաջանյանը կառավարության հետ հարց ու պատասխանին հետաքրքրվել էր՝ արդյոք վարչապետը չի՞ կարծում, որ ինքը հիմա պետք է նախաձեռնի շահագրգիռ կողմերի՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական միավորների հետ երկխոսություն՝ խոսելու և հաշտության, համերաշխության մթնոլորտ ձևավորելու համար: Վարչապետն արձագանքել էր. «Եթե խոսքը նրա մասին է, որ մենք ունենք կոնսենսուս երեք հարցերի շուրջ՝ Հայաստանի ներքին և արտաքին կայունության և անվտանգության ապահովում Արցախի ներքին և արտաքին կայունության և անվտանգության ապահով և ժողովրդի իշխանության երաշխավորում, որտեղ հետագա որոշումը կայացնելու է ժողովուրդը, դա օրակարգ է, որը մենք պատրաստ ենք քննարկել, բայց պայմանով, որ որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի, բռնության լեզվով չպետք է խոսի, այդ թվում՝ մենք»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am