Կախարդանք, գույների հրավառություն. Երևանի թատրոնները ներկայացումներով տոն կնվիրեն փոքրիկներին

Armenpress 10:47, 10 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքրիկ հանդիսատեսին ամանորյա հրաշք պարգևելու, Նոր տարվա հեքիաթն իրականացնելու նպատակով Երևանի թատրոններում մի շարք մանկական բեմադրություններ են նախատեսված:

«Արմենպրես»-ը ներկայացնում է մայրաքաղաքի մի քանի թատրոնում սպասվող ամանորյա ներկայացումները, որոնք երեխաներին հնարավորություն կտան հանդիպելու հեքիաթների, մուլտֆիլմերի սիրելի հերոսներին:

Դեկտեմբերի 16-30-ը և հունվարի 2-14-ը Երևանի պետական տիկնիկային թատրոնում փոքրիկները, ինչպես նաև մեծահասակները կարող են դիտել «Նվերների աշխարհ» երաժշտական ներկայացումը և միասին պարզել, թե հերոսներից ով որ նվերում է թաքնված:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ին կներկայացվի «Ալադին» երաժշտական բեմադրությունը: Այն բոլորին հայտնի հեքիաթի բեմական տարբերակն է։ Բեմադրությունը կախարդանք, գույների հրավառություն և անսահման ուրախություն է խոստանում թե՛ երեխաներին, թե՛ նրանց ծնողներին: Սա հեքիաթ է Ալադինի կախարդական լամպի և այն մասին, որ մեր բոլոր երազանքները կարող են իրականանալ։ Իսկ հունվարի 7-ին Մայր թատրոնում փոքրիկ հանդիսատեսը կարող է դիտել «Սառցե սիրտը» մանկական ներկայացումը:

Միանալով մանուկներին ամանորյա տոն նվիրելու թատերական նախաձեռնություններին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 25-30-ը, հունվարի 8-13-ը ցուցադրվելու է «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացումը, որը ժպիտներ կպարգևի երեխաներին, իսկ դեկտեմբերի 19-24-ը և հունվարի 3-6-ը  կներկայացվի «Ջրահարսը» բեմադրությունը:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կցուցադրվի Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հիման վրա բեմադրված «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական ներկայացումը: Փոքրիկներն այն կարող են դիտել դեկտեմբերի 25-30-ը և հունվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում:

Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն էլ հրավիրում է դիտելու ամանորյա մանկամեծական «Քռչո-Տռճոն VS Ամանոր» ներկայացումը:  Բեմադրությունը ցուցադրվելու է դեկտեմբերի 24-25-26-27-28-ին և հունվարի 5-8-ին:

Փոքրիկ, սակայն շատ համարձակ աղջնակի երկար և խոչընդոտներով լի ճանապարհորդության մասին պատմող «Ձյունե թագուհին» թատերասեր փոքրիկները կարող են դիտել դեկտեմբերի 25, 26, 27-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:

Հեքիաթի հերոսուհին ցանկանում է գտնել և ազատ արձակել իր ընկերոջը՝ Կային, որին իր սառցե ապարանք է տարել  ամենակարող և չար կախարդուհին՝ Ձյունե թագուհին՝ Կայի բարի սիրտը վերածելով սառույցի մի կտորի:

Խամաճիկների պետական թատրոնում դեկտեմբերի 22-ին ականավոր ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու երաժշտության համադրությամբ կներկայացվի Ա. Է. Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը» բեմադրությունը:

Չուկովսկու հեքիաթի հիման վրա բեմադրված «Նվեր Ձմեռ պապիկին» ամանորյա երաժշտական բեմադրությունը փոքրիկները կարող են դիտել դեկտեմբերի 23-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում:

Ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am