Պատմվածքներ դառը, ուրախ աշխարհի մասին. Նարինե Աբգարյանի «Զուլալին» թարգմանվել է հայերեն

Armenpress 12:54, 7 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայկական ծագումով ռուսագիր գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքն առաջին անգամ թարգմանվել է հայերեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թարգմանիչը Նարինե Գիժլարյան է, գիրքը հրատարակել է «Վերնատուն»-ը:

«Զուլալի» պատմվածքների ժողովածուն ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառը ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում…

«Ես հպարտանում եմ մեր երեխաներով եւ ծերերով: Տատիկս ասում էր, որ նրանք ամենամոտն են երկնքին, քանի որ ծերերն արդեն գիտեն, որ շուտով գնալու են, իսկ երեխաները նոր են եկել այնտեղից եւ հիշում են երկնքի հոտը: Կարծում եմ, որ ծերերն ու երեխաները մեզ՝ հասուն մարդկանց, հարյուր անգամ ավելի ուժեղ են դարձնում: Մենք ապրում ենք նրանց շնորհիվ»,-ասում է Նարինե Աբգարյանը:

«Զուլալին» ընթերցողներին հասանելի կլինի դեկտեմբերի 10-ից:

Նարինե Աբգարյանն ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում: Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստամնի ազգային գրական «Տարվա ձեռագիր» մրցանակի դափնեկիր՝ «Լեզու» անվանակարգում։ Գիրքը տարիներ առաջ թարգմանվել է հայերեն և ամիսներ շարունակ ընդգրկվել ամենավաճառված գրքերի ցուցակում: 2011-ին թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը՝ «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։

Նարինե Աբգարյանը 2013 թվականին մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am