1000х90.jpg (78 KB)

Ընդդիմությունը հայտարարեց վարչապետի հրաժարականի՝ իր համար նախընտրելի ժամկետի մասին

Armenpress 17:58, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք մինչև երեքշաբթի, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի ու հեռանա»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե մինչ այդ ժամկետը Փաշինյանը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am