1000х90.jpg (78 KB)

«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Armenpress 17:23, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ավարտին հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Համապետական մեր հանրահավաքից սկսվում է քայլերթ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարության ամառանոցներ երթուղով, որտեղ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար դրվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ: Նորից խնդրում եմ բոլորիդ, զգույշ մնալ ցանկացած սադրանքից, սադրանքի դեպքում տեղյակ պահել ոստիկանությանը, երթուղու ընթացքում կոչ անել միանալ մեր բոլոր հայրենակիցներին»,- ասաց Մանուկյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am