Արցախ․ տունդարձի ճանապարհին

Armenpress 15:04, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կիլիկիա ավտոկայանից մոտ 60 տեղանոց երկու  խոշոր ավտոբուսները լեցուն ուղևորներով ճանապարհվում են Արցախ։ Շտապում են լույս օրով տեղ հասնել։  Ճաշելու համար մեկ կանգառ է նախատեսված՝ Եղեգնաձորում։ Աղավնոյի անցակետում ռուս խաղաղապահներն են տեղակայվել։

Այնուհետև մինչև Ստեփանակերտ ընկած ճանապարհն ուղևորներն անցնում են թեթևակի լարված։ Հայացքներով անընդհատ ինչ -որ բան կամ ինչ-որ մեկին են փնտրում։ Տուն դարձող արցախցիները հայացքներն այդ պահին այնպիսին են կարծես առաջին անգամ են անցնում այդ ճանապարհով։ Ճանապարհին միայն ռուս խաղաղապահներ են հանդիպում։ Ողջունում են։  Աղավնո, Սուս և Բերձոր բնակավայրերի մուտքն ազդարարող հայատառ ցուցանակները պահպանվել են։ Պահպանվել էին  նաև Բերձորի եկեղեցու խաչն ու մի շարք հուշաքարեր։ Առաջին հայացքից անվնաս էր  նաև գերեզմանատունը։ Բերձորում հանդիպում էին տանտերերի ձեռքով  քանդված շենք-շինությունների  տանիքներ։ Բերձորից Շուշի տանող ճանապարհի տարբեր հանգուցակետերում ռուս խաղաղապահներն են տեղակայված։ Ուղևորներից  Վիտալի Հովակիմյանի ընտանիքը վաղուց է տեղափոխվել Ստեփանակերտ։ Ինքը գործի բերումով Երևան էր եկել, կրկին վերադառնում է։ 

«1980-ականներին ընտանիքս Սումգայիթի ցեղասպանությունից  մազապուրծ  հասել է Հայաստան, այնուհետև տեղափոխվեցինք Ստեփանակերտ ու ամեն ինչ զրոյից սկսեցինք։ Այժմ նույն իրավիճակում ենք։ Տարբեր երկրներում  ականազերծող եմ եղել։   Բազմամյա փորձս կփորձեմ ծառայեցնել Արցախում, որտեղ իմ մասնագիտության կարիքն այժմ ավելի շատ է զգացվում։ Հույս ունեմ, որ կառավարությունը նույնպես կընդառաջի։ Ցանկանում ենք նաև հասարակական հիմունքներով ստեղծել ականազերծող խումբ։ Ընտանիքս առայժմ սպասում է իմ որոշմանը։ Ապագայի ծրագրերը  հիմնականում պայմանավորված են աշխատանք ու փոքրիշատե ապրուստի միջոցներ ունենալու հետ»,-պատմեց մեր ուղեկիցը։

Երեկոյան ավտոբուսները հասնում են Ստեփանակերտ՝ կանգառը Վերածննդի հրապարակ։ Այստեղից շրջանների բնակիչներին ավտոբուսները տեղափոխում են իրենց բնակավայրեր։

Վան Նովիկով



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am