Արսեն Թորոսյանը Այրվածքաբանության կենտրոնում ծանոթացել է վիրավորում ստացած զինվորների բուժման ընթացին

Armenpress 13:20, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, ծանոթացել է վերջերս առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված ամենագնաց շտապօգնության նոր մեքենաներին, նաև հանդիպել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ Թորոսյանն այցի ընթացքում խոսել է շտապօգնության ծառայության կազմակերպման մանրամասների մասին:

Այնուհետև Արսեն Թորոսյանը ծանոթացել է կենտրոնում տեղադրվող նոր ռենտգեն սարքավորմանը և վերելակին, ինչպես նաև շենքային պայմանների վերանորոգման աշխատանքներին։

Նախարարն այցի ընթացքում հանդիպել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորներին, որոնք շարունակում են իրենց բուժումը կենտրոնում։

Նա հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, ծանոթացել նրանց բուժման ընթացքին և մաղթել առողջություն ու շուտափույթ ապաքինում։

Այցը շարունակվել է «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն», որտեղ նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և կատարվող վերանորոգման աշխատանքներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am