VO.X խումբը հրապարակել է «Կյանքից թանկ» նոր երգը

Armenpress 12:56, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հին օրվա երգ», «Բարև, աղջիկս», «Երևանյան աղոթք» և մի շարք այլ ստեղծագործություններով հայտնի VO.X   խումբը երկրպագուներին է ներկայացրել «Կյանքից թանկ» ստեղծագործությունը, որն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խումբը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է, որ ոչ  ոք չի կարող հասկանալ պատերազմում որդի կորցրած մոր վիշտը և ուժը, և երգը ծնվել է այդ հարցի շուրջ խորհելու արդյունքում:

«Կյանքից թանկ»-ը կատարում են Մեյ Զոյան և Արամ Րիան: Երգը «Unmade in Երևան» ալբոմից  է: Ե՛վ խոսքերի, և՛ երաժշտության, և՛ գործիքավորման հեղինակը Արամ Րիան է:

VO.X-ը երաժիշտ-պրոդյուսեր Արամ Րիանի երաժշտական նախագծերից մեկն է: Տարիներ առաջ հայտնի էր որպես խումբ-դուետ՝ Արամ Րիանի և Գայա Սարգսյանի մասնակցությամբ, այնուհետև` որպես սոլո-նախագիծ ի դեմս միայն Արամ Րիանի, իսկ 2017 թվականից` որպես դուետ-համագործակցություն Րիանի և երաժշտական պրոդյուսեր May-ի միջև։ Հիմնվել է 1999 թվականին Երևանում` երգահան-կիթառահար Իգոր Սիլեցկու նախաձեռնությամբ։ Ստեղծագործական գործունեությունը ծավալել է Անգլիայում և Հայաստանում:

Նախապես հիմնվել է որպես քրիստոնեական ռոք-խումբ ժամանակակից գոսպել ոճում և եղել է հայկական փոփ-ռոքի վետերաններից մեկը, սակայն հայտնի է դարձել, հանդես գալով բրիտանական փոփի տարբեր ժամանակակից ձևաչափերով: Երբեմն նախագիծը կոնկրետ ոչ մի հստակ ժանրում չի աշխատում:

VO.X-ի երաժշտությունն ունի էլեկտրոփոփի, ինդիփոփի, չիլաութի,  ռոքի, ջազի, հեղինակային երգի և սիմֆոնիկ երաժշտության տարրեր։ Երգերը հիմնականում անգլերեն են և հայերեն, սակայն երգացանկում եղել են նաև ստեղծագործություններ ռուսերենով ու իսպաներենով: Բրիտանական ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում VO.X-ը երկու անգամ ճանաչվել է լավագույն նոր նախագիծ` ժամանակակից գոսպել ոճում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am