1000х90.jpg (78 KB)

Ես տվի իմ ժողովրդին ոչ թե մեծ բան, այլ մեծապես ցանկացա տալ մի բան. Դերենիկ Դեմիրճյան

Armenpress 11:13, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «…Եվ մի ձգտում՝ հեռանալ աշխարհից այնպես, որ նա մնա ինձ պարտք, ոչ թե ես՝ իրեն…»

«Ես ճանաչեցի հայ ժողովրդի մեջ համամարդկայինը: Ես գտա հայ ժողովրդին, երբ փայլեց իմ առջեւ նրա հանճարը նրա անտիկ կլասիկայի մեջ՝ Խորենացու, Եզնիկի, Եղիշեի եւ այլոց գլուխգործոցների մեջ: Երբ ժպտաց հայկական վերածնությունը Նարեկացու, Երզնկացու, Ֆրիկի, Քուչակի վերասլացքի մեջ: Երբ իմ առաջ կանգնեց հայկական վեհ ճարտարապետությունը, ծաղկեց հայկական մանրանկարչությունը: Այնտեղ էր հայկական համամարդկայինը»:

Դերենիկ Դեմիրճյան

 

Մեծն բանաստեղծին՝ Համո Սահյանին տանք Դերենիկ Դեմիրճյանին բնութագրող խոսքը. «Ճիշտ էին, երբ նրան համեմատում էին քարքարոտ հողաբաժին ստացած շինականի հետ: Նա աշխատավորի պես մշակում էր այդ հողը, ազատում մացառներից, քարերից, տեւական ջանքերով պատրաստում հողը ցանքսի համար, որի հունձքը պիտի լիներ հետո»:

Եվ այդ հունձքը շռայլորեն առատ էր լինելու, քանզի որպես բանաստեղծ գրական մուտքն ազդարարած, բայց արձակում իր մնայուն տեղը նվաճած վիպասանը մեկը եղավ նրանցից, ում բացառության կարգով բաժին ընկավ բարեբախտ փրկությունը դարի կառափնարանից, եւ ով ստանձնեց ծանր պարտավորություն՝ թույլ չտալ գրական վերածնության անկումը եւ շարունակել իր տարաբախտ սերնդակիցների՝ արեւմտահայ մտավորականության, Չարենցի, Բակունցի, եղեռնված, գեհենով անցած ու գնդակահարված մեր մյուս մեծերի գործը:

Դ. Դեմիրճյանն այն սակավաթիվ գրողներից է, որին բախտ է վիճակվել ստանալ պատշաճ կրթություն եւ ուսման ծարավի հագեցումը շարունակել շուրջ քսանհինգ տարի. 1877-ին գավառական Ախալքալաք քաղաքում ծնված ապագա վիպասանը նախ ուսանել է տեղի ծխական դպրոցում, այնուհետեւ՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Այստեղ նրա ուսուցիչներից էր իր ժամանակին մեծ համբավ վաստակած բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը, որի անձով ու երգերով ոգեշնչված էր Դ. Դեմիրճյանը, ով արդեն սկսել էր ստեղծագործել: Բանաստեղծն արդեն նկատել էր իր սանի տաղանդը, ոգեւորում ու խրախուսում էր նրան, օգնում տպագրվելու: Առաջին բանաստեղծությունը հայտնվում է «Տարազում», իսկ առաջին գրքույկը լույս է տեսնում 1899-ին, որին հաջորդում են չափածո եւս մի քանի գրքերի հրատարակումներ:

1903 թ. երիտասարդ բանաստեղծը մեկնում է Մոսկվա՝ երաժշտագիտություն ուսումնասիրելու նպատակով: Երկու տարի անց նա արդեն Շվեյցարիայում է՝ ուսանող Ժնեւի աշխարհահռչակ համալսարանում: Այդ տարիներին թեեւ շարունակում էր զբաղվել պոեզիայով, սակայն ծնվում էին նաեւ արձակ ստեղծագործություններ՝ «Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս», «Խանութպան», պատմվածքները, որոնցում խարազանվում էին բուրժուական իրականության պայմաններում աղավաղված մարդկային հարաբերությունները՝ կուտակելու տենչ, ընչաքաղցություն, միմյանց նկատմամբ խորթացում, եսասիրություն, անգթություն: Այս տրամադրություններն արտահայտվում են նաեւ նրա առաջին դրամաներում՝ «Վասակ», «Հովնան»: Սկսած 1919 թվականից, Դ. Դեմիրճյանը սեւեռվում է արձակի վրա, արդեն որի ստվերում էին մնում բանաստեղծական որոնումները:

1925 թվական. հրաժեշտ է տալիս Թբիլիսիին, տեղափոխվում Երեւան, անմիջապես նշանակվում գիտության եւ արվեստի ինստիտուտի գեղարվեստական բաժնի գիտական քարտուղար՝ հնարավորություն ստանալով նաեւ ստեղծագործել ու տպագրվել: Այս շրջանի նրա գործունեությունն առանձնանում է հասարակական լայն ընդգրկումներով, հրաժարվում է անցյալի վերապրումներից եւ սկսում ստեղծել նոր գործեր, որոնք պատկերում են նոր հասարակարգում կատարվող սոցիալական տեղաշարժերը՝ «Հանգստի տունը», «Կայարանի Ակոբը», «Սաթոն», «Մերկե» պատմվածքները, «Ռաշիդ», «Նիգյար» վիպակները: 1939 թ. լույս է տեսնում «Երկիր հայրենի» պատմահայրենասիրական դրաման, որն առաջինը բեմադրում է սկսնակ ռեժիսոր Վարդան Աճեմյանը՝ իր վրա սեւեռելով թատերական հանրության ուշադրությունը: Ի դեպ, գրողի «Քաջ Նազար» պիեսը, որը ժողովրդական հեքիաթի կատակերգական մշակում էր, դեռեւս տասնամյակ առաջ էր ներկայացվել Երեւանի, Թբիլիսիի, Բաքվի հայկական թատրոնների բեմերում՝ դարձել երեւույթ եւ, որպես գլուխգործոց, շարունակել հաղթարշավը բեմարվեստի աշխարհում: Իսկ 1940 թ. նկարահանվել է նույնանուն լիամետրաժ ֆիլմը, որն այսօր էլ դիտվում է ամենաթարմ ընկալումով:

Հայրենական պատերազմի տարիներին, երբ տարփողվում էին հայրենասիրական գաղափարներն ամենատարբեր բնագավառներում, արդեն անվանի վիպասանը արարում է իր գրականության գլուխգործոցն ու հայ պատմավեպի գագաթներից մեկը՝«Վարդանանքը»: Վեպի առաջին գիրքը լույս է տեսնում 1943-ին, երկրորդը՝ երեք տարի անց: Սա հայ գրականության հաղթանակն էր ու հեղինակի գրողական փառքի պսակը: Այդ փառքի պսակներից մեկն էլ նրա «Հայը» էսսեն է, որի մի պատառիկով էլ, կարծում եմ, արժե նշել նրա հիշատակի այս օրը. «…Այդպես է հայը. նա չի ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ: Նա մեկուսի է, խստակյաց, բարի եւ ազատասեր: Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել լեռներից, թպրտում է, ընկնում է քարին, աղբի մեջ կեղտոտվում, թեւերը կոտրում. կերակուր ես մեկնում՝ չի ուզում, չի սիրում ոչ սրբություն, ոչ երջանկություն: Գերադասում է տառապանք եւ ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի վիշտ է իր սրտի մեջ: Սա հայքն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից: Ոչինչ չեմ ուզում ձեզանից, ասում է նա իր նեղիչներին, ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացեք, ապրեցեք խաղաղ եւ երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը…»:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am