Շրջակա միջավայրի նախարարն այցելել է Արգելոցապարկային համալիր և անտառային տնտեսություններ

Armenpress 22:01, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այց է կատարել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա ՊՈԱԿ-ի վարչական շենքում աշխատանքային առաջին հանդիպում-խորհրդակցությունն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ենթակա բոլոր ստորաբաժանումների («Որդան կարմիր» պետական արգելավայր, «էրեբունի» պետական արգելոց, Իջևանի «Դենդրոպարկ» պետական հիմնարկ, «Զիկատար» պետական արգելավայր) ղեկավարների, ինչպես նաև անտառպարկի աշխատակազմի հետ:

«Հետպատերազմյան փուլում անելիքների վերաբերյալ առարկայական քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեություն՝ ավելի արդյունավետ իրականացնելու տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտությունը։

Նախարարն անդրադարձել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքից ազատման հարցին, նշելով որ այդ որոշումն արդյունք էր աշխատանքային կարգապահական և ընթացակարգային մի շարք էական բացթողումների և խախտումների: «Որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու: Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու արդյունավետության բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Պետական հարստություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով, սոցիալական դիրքով ու շահերով: Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգը։

Պատերազմական իրավիճակը և այն աղետը, որի միջով անցանք, բավականին ստվերեցին այն բարեփոխումները, որոնք մեկնարկել էինք, բայց մի բան աներկբա է՝ մեր գերնպատակն օրենքի գերակայության հաստատումն է: Նախևառաջ պետք է մեր գործընկերներն ապահովվեն բարեկեցիկ և արժանավայել աշխատանքային պայմաններով, պատշաճ տեխնիկայով և աշխատանքային համազգեստով ապահովված լինեն: «Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար: Մուտքից սկսած պետք է զգացվի պետության շունչը. պետք է ունենանք խնամված ու բարեկարգ քաղաքային զբոսայգի՝ բարձր որակի ու քաղաքակիրթ սպասարկման ծառայություններով:

Բացառելու և արմատախիլ ենք անելու առկա փնթի վիճակը, որն ուղեկցում է ամեն քայլափոխի. այս տարածքում չի կարող լինել տնտեսվարող, որը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն, չունի համապատասխան թույլտվություն և փաստաթղթեր: Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։

Մենք սեղմում ենք յուրաքանչյուր ձեռք, և ճանապարհը շարունակում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կիսում են մեր այս առաջնահերթություններն ու բարեփոխումների մոտեցումները, աշխատում են ազնիվ, շարժվում՝ բացառապես օրենսդրությամբ և առաջնորդվում երկրի ու ժողովրդի բարեկեցության տեսլականով»- հավելել է նախարարը:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։

Աշխատանքային այցի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանի ուղեկցությամբ այցելեց «Հայանտառի» «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ:

Նախարարն այստեղ ևս աշխատանքային քննարկում անցկացրեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, քննարկվեցին առկա հիմնախնդիրները, դրանք ճգրիտ գույքագրելու և համապատասխան խողովակներով բարձրաձայելու անհրաժեշտությունը:

Նախարարը ներկայացրեց Անտառային կոմիտեում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառավարչական, Անտառային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Պետք է արվի ամեն հնարավորը մեր համատեղ աշխատանքներն ամենակարճ ժամկետներում կանոնակարգելու և ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար:

 

Ոլորտում որդեգրած բարեփոխումների արդյունքները և հետագա հաջողությունները պետք է տեսանելի և շոշափելի լինեն բոլորի համար՝ և՛ աշխատակազմի, և՛ հասարակության յուրաքանչյուր անդամի համար: Նախարարը շեշտեց, որ այս համատեքստում չափազանց կարևորում է աշխատավարձերի վերանայման, տեխնիկական վերազինման, մասնագիտական վերապատրաստումների և միջազգային հաջող փորձի ներդրման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ նախարարությունը բանակցությունների մեջ է միջազգային գործընկերների հետ:

«Մենք պարտավոր ենք օր առաջ ունենալ ավելի լավ, ապահով ու բարեկեցիկ սոցիալական ու աշխատանքային միջավայր մեր աշխատակիցների համար»,-իր խոսքում հավելեց նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Պետք է բացառել ստվերային ու արգահատելի այն գործելաոճը, որը նախկինում տեղ է գտել մեր պետական կառավարման համակարգում, մասնավորապես՝ անտառների կառավարման համակարգում:

Նախարարն առանձնահատուկ շեշտեց հողերի վարձակալությունների վարձավճարների վերանայման, առկա պայմանագրերը գույքագրելու, տնտեսվարողների կողմից պետության հանդեպ ապառքերը վերադարձնելու հարցերը: Ղեկավար անձնակազմին հանձնարարվեց հանդիպումներ ունենալ չօգտագործվող հողատարածքների վարձակալների հետ՝ դրանք նոր պայմաններով վարձակալության հանձնելու և ներդրումներ ներգրավելու նպատակով:

Նախարար շրջայց կատարեց ջերմոցային տնկարանի տարածքում:

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղը ունի 17 հա տնկարանի տարածք (այս պահին օգտագործվում է 3,3 հա տարածք): Այստեղ ժամանակակից մեթոդներով աճեցվում է փակ արմատային համակարգով բարձրորակ անտառային ծառատեսակների տնկանյութ՝ սոճի, կեչի, խնձորենի, հացենի, որոնք հետագայում տեղափոխվում են անտառային տարածքներ՝ անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Այս տարի բաց է թողնվել շուրջ 219. 000 հատ տնկի, որի հիմնական մասը փակ արմատային համակարգով է: Փակ արմտային համակարգով տնկանյութի աճեցումը ամենաարդյունավետ եղանակն է. ապահովում է 99% կպչողականություն:

Այցը եզրափակվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Մեղրաձորի տեղամասի հատատեղերից մեկի դիտարկմամբ: Այստեղից «Հայանտառը» օրինական կարգով վառելափայտ է տրամադրում տարածաշրջանի բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am