Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ծանր իրավիճակից. ԱԳ նախարար

Armenpress 17:08, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը խնդրում է հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը՝ նշելով, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:  

«Հայ դիվանագիտությունը եղել և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում: Հատկապես այսօր մենք մեր պարտքն ենք համարում անել հնարավորն ու անհնարինը` իմաստավորելու մեր ժողովրդի ազնվագույն որդիների զոհողությունը և այդ ձևով վառ պահելու նրանց հիշատակը: Դիվանագիտությունը սիրում է լռություն, ուստի լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ դրանց արդյունքներն ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն: Պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկիրը դուրս է բերել ամենածանր իրավիճակներից, խնդրում եմ հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը»,- ասաց Այվազյանը:

Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է, և, լինելով ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ` ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը:

«Ցանկացած փորձ` հեղինակազրկելու այս կառույցը և ներքաշելու ներքաղաքական շահարկումների մեջ, հարված է Հայաստանի պետականությանը: Հատկապես այս օրերին, երբ ռազմական գործողությունների ավարտից հետո ողջ ծանրությունն ու պատասխանատվությունը հետզհետե տեղափոխվում է դիվանագիտություն»,- նշեց Արա Այվազյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am