Դոդոնը հանդես է եկել Մոլդովայի նախագահի լիազորությունները կրճատելու դեմ

Armenpress 15:40, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 4-ին հայտարարել Է, որ հանդես Է գալիս հանրապետության ղեկավարի լիազորությունները կրճատելու դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ընտրված նախագահ Մայա Սանդուն Դոդոնին մեղադրել Է «իշխանությանը բռնատիրելու» փորձի մեջ այն կապակցությամբ, որ Դոդոնին աջակցող Սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում օրինագիծ Է ներկայացրել Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը նախագահի ենթակայությունից դուրս հանելու մասին:

Չնայած դրան, դեկտեմբերի 3-ին խորհրդարանը հաստատել Է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: «Ես դեմ եմ պետության ղեկավարի լիազորությունների կրճատմանը, առավել եւս, որ մշտապես հանդես եմ եկել նախագահական կառավարման օգտին: Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը միշտ ենթարկվել Է ե՛ւ նախագահին, ե՛ւ խորհրդարանին: Ես խնդիր չեմ տեսնում այն բանում, որ Սանդուն այժմ չի կարողանա նոր ղեկավար նշանակել, քանի որ ծառայության գործող ղեկավարը նշանակվել Է անցյալ տարի սոցիալիստների, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության եւ «Արժանապատվություն եւ ճշմարտություն» հարթակ» կուսակցության ձայներով»,-ասել Է Դոդոնը տեսաուղերձում, որը զետեղվել Է Facebook-ի իր Էջում:

Նա ընդգծել Է, որ Սանդուն մնացել Է առանց Տեղեկատվության եւ անվտանգության ծառայության ղեկավար նշանակելու հնարավորության: Մոլդովայում նոյեմբերի 15-ին անցկացվել Է հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Մոլդովայի քաղաքացիները պետության ղեկավար ընտրեցին առաջիկա չորս տարվա համար:

Ընտրությունների երկրորդ փուլում հավակնորդները եղել են նախկին վարչապետ Սանդուն եւ երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած նախագահ Դոդոնը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սանդուն նախագահի ընտրություններում հաղթել Է ձայների 57,75 տոկոսով, Դոդոնի օգտին քվեարկել Է ընտրողների 42,25 տոկոսը: Մոլդովայի նոր նախագահի պաշտոնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am