Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները կանխել են թմրամիջոցի փոխանցման դեպքեր

Armenpress 19:02, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևան», «Աբովյան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների ծառայողները կանխել են թմրամիջոցի փոխանցման դեպքեր։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի բաժնից։

«2020 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտու օդային տարածքում նկատել են ոչ շատ բարձր թռչող սուրհանդակ աղավնի, որը կասկած է առաջացրել: Աշխատակիցներին հաջողվել է բռնել աղավնուն, որի մեջքին թելով ամրացված է եղել կպչուն ժապավենով փաթեթ: Զննությամբ փաթեթում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.9 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, անձնական խուզարկության ենթարկելով տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ա.Հ.-ին, նրա մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են 2 փաթեթ՝ մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.89 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգվածներով: Նշանակված դատաքիմիական փորձաքննության են ուղարկվել նաև ծխախոտի գլանակները:

Նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա.Պ.-ի կողմից կալանավորված անձ Կ.Գ.-ի անվամբ բերված հանձնուքում մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթների միջից ևս հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 9.75 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am