Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները

Armenpress 17:00, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Արցախի  գրեթե բոլոր բնակավայրերում և Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված կրթական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների և տանիքների վերականգնման աշխատանքները։

Առաջին  փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, 2-րդ փուլում կսկսվեն ներքին հարդարման շինաշխատանքները։

Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգնման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են իրականացվում տարհանված բնակիչներին բնակեցնելու համար Արցախի  տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրած բնակելի տների ու բնակարանների վերանորոգման ուղղությամբ։

ԱՀ գյուղական բնակավայրերում երկար տարիներով փաստացի չբնակեցված բնակելի տներում, որոնք տրամադրել են տարհանված ընտանիքներին, նույնպես կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am