ՀՀ ԱԱԾ-ն հերքում է աշխատակիցների կողմից համակարգը զանգվածաբար լքելու մասին լուրերը

Armenpress 15:54, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԱԾ-ն ապատեղեկատվություն է համարում իր աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին հրապարակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում:

«Ավելին, անգամ հիշյալ հայտարարության հեղինակ-նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա նոյեմբերի 16-ին  զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը «Խնդրում եմ իմ դիմումի համաձայն, ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից, այլ աշխատանքի անցնելու նպատակով»: Կրկին հերքելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու վերաբերյալ ստահոդ լուրերը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ զանգվածային լրատվության միջոցների մեր հարգարժան գործընկերներին խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և վերջիններիս ներառմամբ տարաբնույթ մեկնաբանություններ կատարելուց»,-ասված է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am