Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ կրճատվելու են այլ մարմինների հաստիքները. ԱՆ պարզաբանումը

Armenpress 15:04, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում հաստատվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ այն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:

«Կոմիտեի ստեղծման համար նախատեսվող ֆինանսական միջոցների վերաբերյալ թյուրընկալումները բացառելու համար տեղեկացնեմ, որ թեև Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացված մարմնի ստեղծումը պայմանավորված է երկրում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, այդուհանդերձ, ՀՀ պետական բյուջեից ծախսերի նախատեսումը բացարձակ բնույթ չի կրելու: Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու կրճատել այլ մարմինների հաստիքները և դրանք փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին»,-նշել է նախարարը:

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ ծախսերի մեծ մասը կապիտալ բնույթի են, իրականացվելու են նաև դոնորների աջակցությամբ (2021-2023 թվականների ընթացքում), որոնք գումարը փոխանցելու են պետական բյուջե, և բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես արդարադատության ոլորտի նպատակներով, ինչպես սահմանված է համապատասխան համաձայնագրերում:

Կառավարությունը հավանություն է տվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am