Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի

Armenpress 12:12, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների դեպքում։ 

«Մասնավորապես, խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասին է։ Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- նշեց նախարարը։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է օնլայն դիմում ներկայացնի, աաջիկա օրերին կարգավորումը կհաստատվի, հնգօրյա ժամկետում գումարը կփոխանցվի բանկային հաշվին։

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում քաղաքացիների տներին հասցված վնասների փոխհատուցումը տեղի կունենա»,-  ասաց վարչապետը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am